Շրջանային
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
9-16 January
2025
Գրանցում

Անդրանիկ Մարգարյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1951թ.-ի հունիսի 12, ք. Երևան

Կրթություն

1967-1972թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ` հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում

Աշխատանքային գործունեություն

1972-74թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, որպես գիտաշխատող, ավագ ինժեներ
1977-78թթ. Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ գլխավոր ինժեներ
1978-79թթ.Էլեկտրատեխնիկական գործարանում՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ
1979-90թթ. Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում՝ էլեկտրոնիկայի բաժնի վարիչ
1990-94թթ. Հատուկ ծրագրերի պետական վարչությունում՝ ինֆորմացիայի բաժնի ղեկավար
1994-95թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ կրտսեր գիտաշխատող
1995-1999թթ. Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր
1999թ.-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը
2000-2007թթ. ՀՀ վարչապետ
2003թ. ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը:
2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:

Քաղաքական գործունեությունը

Քաղաքականությամբ զբաղվել է 1965թ - ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:
1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 և 1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ: 1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:
1998 թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ:

Պարգևներ

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան», «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով։

Ավանդը Շախմատի ակադեմիայի հիմնադրման գործում

Տեղեկանալով Հայաստանում շախմատի ակադեմիա հիմնելու ծրագրին` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հարցի առնչությամբ եւ խոստացել օժանդակել: Նրա գործուն աջակցությամբ հաղթահարվում էին խոչընդոտները, որ ծագում էին գաղափարը կյանքի կոչելու ճանապարհին: Հետևողականությունը, որ ցուցաբերեցին ՄԳ Սմբատ Լպուտյանը և ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հարցի լուծման շուրջ, տվեց իր արդյունքը: 2002թ. հիմնադրվեց Հայաստանի շախմատի ակադեմիան` ԳՄ Սմբատ Լպուտյանի ղեկավարությամբ և ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ:

 

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC